«Քրիստոսի չարչարանքները» (անգլերեն՝ The Passion of the Christ) 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած ձիթենու այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։
Ֆիլմը առաջացրել է բազմաթիվ հակասություններ, հիմնականում հրեական համայնքների շրջանում, որոնք անվանել էին այն անտիսեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանության տեսարաների համար, որոնք ցուցադրվում են ամբողջ ֆիլմի ընթացքում։
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը՝ իր թատերական ցուցադրման ընթացքում, հավաքել է ավել քան $600 միլիոն և դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլալեզու ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար։
Սյուժե
Ֆիլմը սկսվում է Գեթսեմանյան այգում, երբ Քրիստոսը աղոթում է, մինչ առաքյալները քնած են։ Մինչ այդ աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, մատնում է իր ուսուցչին երեսուն արծաթի դիմաց։ Հրեա զինվորները գտնում են Հիսուսին այգում և ձերբակալում` բերելով քահայանապետ Կաիափայի մոտ։ Հիսուսի մայր Մարիամը, Մարիամ Մագդաղենացին և Հովհաննես առաքյալը հետևում են նրանց։ Կաիափան անց է կացնում Հիսուսի դատը՝ չնայած որոշ հոգևորականների հակադրությանը, որոնց հեռացնում են դատից։ Երբ Կաիափան հարցնում է Հիսուսին, թե արդյո՞ք նա Աստծո որդին է, Հիսուսը պատասխանում է «Ես Եմ»։ Հրեաները դատապարտում են Հիսուսին մահվան: Պետրոս առաքյալը երեք անգամ մատնում է իր ուսուցչին և հետո լացելով դուրս վազում: Միևնույն ժամանակ Հուդան` զղջալով իր արարքի համար, փորձում է հետ վերադարձնել արծաթ դրամները, որպեսզի Հիսուսին ազատեն, սակայն Կաիափան մերժում է նրան: Դևերից տանջված Հուդան փախչում է քաղաքից և կախում իրեն սատկած ավանակի պարանով։
Հիսուսին բերում են Պիղատոսի մոտ, սակայն վերջինս որոշում է ուղղարկել նրան Հերովդես արքայի մոտ: Հերովդեսի հարցերին Հիսուսը ընդհանրապես չի պատասխանում և նրան հետ են բերում Պիղատոսի մոտ: Նա որոշում է դատել Հիսուսին` Կաիափայի պահանջով, ազատելով հանցագործ Բարաբային: Պիղատոսը հրամայում է գանահարել նրան, իսկ հետո ազատել: Հռոմեացի զինվորները դաժանաբար ձաղկում են Հիսուսին, մինչ Աբեմադերը չի կանգնեցնում նրանց: Պիղատոսը տեսնելով դաժանաբար ծեծված Հիսուսին, նորից առաջարկում է ազատել նրան, սակայն հրեաները պահանջում են նրան խաչել: Պիղատոսը «լվանում է ձեռքերը» և դատապարտում Հիսուսին մահվան: Հիսուսը անցնում է «Սգո ճանապարհով» (լատիներեն՝ Via Dolorosa), որի ընթացքում խաչի ծանրության տակ նա երեք անգամ ընկնում է: Հրեա մի աղջիկ` Վերոնիկան, մաքրում է Հիսուսի երեսը: Երբ նա այլևս չի կարողանում տանել խաչը, հռոմեացիները ամբոխից վերցնում են մի գյուղացու, որը օգնում է նրան: Նրանք հասնում են Գողգոթա, որտեղ Հիսուսին խաչում են: Խաչված Քրիստոսը ներում է նրանց, ովքեր անում են դա: Երբ Քրիստոսը մահանում է, երկնքից կաթիլ է ընկնում երկրի վրա և սկսվում է երկրաշարժ, որն ավերում է տաճարը: Դա տեսնում է Կաիափան, սատանան բղավում է դժոխքում: Քրիստոսին իջեցնում են խաչից և տալիս Մարիամի գիրկը: Ֆիլմը վերջանում է Քրիստոսի հարությամբ գերեզմանից` ստիգմատներով ձեռքերի վրա:
Աղբյուրները
Նոր Կտակարան
Համաձայն ռեժիսոր Մել Գիբսոնի, ֆիլմի սկզբնաղբյուր են հանդիսացել չորս Ավետարանները: Ֆիլմը ներառում է նաև այլ մանրամասներ Նոր Կտակարանից: «Տես մայրիկ, ես նորն եմ արարում» տողը, օրինակ, վերցված է Հայտնության գրքից:
Հրեական Աստվածաշունչ
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում կան նաև Հին Կտակարանից մեջբերումներ: Ֆիլմը սկսվում է Եսայի մարգարեի գրքից մեջբերմամբ: Գեթսեմանյան այգում Հիսուսը սպանում է օձի, որի մասին ակնարկ կա Ծննդոց 3:15-ում: Ողջ ֆիլմի ընթացքում Հիսուսը մեջբերումներ է անում Սաղմոսներից, որոնք գրված են Նոր Կտակարանում:
Ավանդական պատմություն
«Քրիստոսի չարչարանքների» նկարագրումը հիմնված է ավանդական չարչարանքների պատմության վրա: Այսպիսով, տասնչորս կանգառներից, որոնք եղել են «Սգո ճանապարհը» անցնելիս, նկարագրված են բոլորը բացի ութերորդից և տասնչորսերորդից: Ֆիլմում ներառված է նաև հետևյալ երկխոսությունը, երբ Մարիամը հարցնում է «Ինչով է այս գիշերը տարբերվում մյուս գիշերներից», Մագդաղենացին պատասխանում է. «Քանի որ այն ժամանակ մենք ստրուկ էինք, իսկ հիմա այլևս ոչ»: Մի շարք կերպարների անուները ավանդական են և չկան Աստվածաշնչում, որոնցից են Քրիստոսի հետ խաչված Դիսմասը և Գեսմասը:
Կաթոլիկական գրություններ
Սցենարիստներ Մել Գիբսոնը և Բենեդիկտ Ֆիջերալդը նշել են, որ նրանք ընթերցել են Քրիստոսի չարչարանքների մասին պատմող բազմաթիվ պատմություններ, այդ թվում նաև կաթոլիկ միստիցիստական գրություններ: Հիմնական աղբյուր է հանդիսացել գերմանացի միանձնուհի Աննա Կատերինա Էմերիխի (1774-1824) գրությունը (անգլերեն՝ «The Dolorous Passion of Our Lord Jesus Christ»): Այդ գրությունից վերցված տեսարաններից են օրինակ, երբ հրեա զինվորները ձերբակալությունից հետո կախում են Հիսուսին կամրջից, երբ Հուդային մատնությունից հետո սկսում են տանջել դևերը, Հիսուսի գանահարումից հետո նրա արյան մաքրումը և երբ խաչելության ժամանակ հռոմեացի լեգեոները կոտրում է Հիսուսի ձեռքը, որպեսզի նրա ափը հասնի մեխի համար նախատեսված անցքին: Երկրորդ աղբյուրը գրված է 17-րդ դարի իսպանացի միանձնուհի Մարա դե Ագրեդայի կողմից (անգլերեն՝ «The Mystical City of God»):
Տարբերություններ Նոր Կտակարանի տեքստերից
- Գեթսեմանյան այգում, ֆիլմի սկզբում, հայտնվում է սատանան և փորձում շեղել Հիսուսին, երբ նա աղոթում է, իսկ Հիսուսը սպանում է իր վրա եկող օձին: Այս մասին չկա նշված ոչ մի Ավետարանում:
- Մեկ այլ տեսարանում Հուդա Իսկարիովտացուն տանջում են դևեր, որոնք հայտնվում են երեխաների տեսքով:
- Ֆիլմում Սիմոնը Կիրենայից հստակ ցուցադրվում է որպես հրեա, իսկ հռոմեացի լեգեոները նրան ծաղրելով կոչում է հրեա, չնայած Աստվածաշնչում դրա մասին հստակ չի նշվում:
- Մեկ այլ դրվագում. Հիսուսի գանահարման ժամանակ սատանան հայտնվում է երեխա-դևի հետ, ինչի մասին Աստվածաշնչում նույնպես հիշատակություն չկա:
Նկարահանումներ
Սցենարը և լեզուն
Մել Գիբսոնը սկզբում հայտարարեց, որ օգտագործելու է երկու հնագույն լեզուներ, առանց ենթագրերի` համարելով, որ չարչարանքների պատմությունը լավ հայտնի է: Նա ցանկացավ դրանով զարմացնել հանդիսատեսին: Սցենարը գրվել է Գիբսոնի և Բենեդիկտ Ֆիջերալդի կողմից անգլերենով և թարգմանվել է պրոֆեսոր Ուիլլիամ Ֆուլկոի կողմից լատիներեն, արամեերեն և եբրայերեն լեզուների: Գիբսոնը որոշեց օգտագործել լատիներենը հունարենի փոխարեն, որպեսզի հանդիսատեսը կարողանա հեշտ տարբերել լատիներենի իտալական և արամեերենի սեմիտական հնչողությունը: Ֆիլմում լատիներենը ավելի շատ մոտ է եկեղեցական լատիներենի, քան ավելի հստակ դասական լատիներենի:
Նկարահանման վայրեր
Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, առաջին հերթին «Չինեչիտա» ստուդիայում, Հռոմում և Մատերա հին քաղաքում: Ֆիլմի բյուջեն` $30 միլիոնը և մարկետինգի համար ծախսված $15 միլիոնը ամբողջությամբ ֆինանսավորվել է Գիբսոնի և նրա` «Icon Productions» կինոստուդիայի կողմից: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004թ. Փետրվարի 25-ին:
Հետաքրքիր փաստեր
- Գանահարման տեսարանի նկարահանման ժամանակ Ջեյմս Կեվիզելը երկու անգամ իր վրա զգացել է, թե ինչ է մտրակի հարվածը մերկ մարմնին:
- Մայա Մորգենշտերնը, ով ֆիլմում խաղում էր Մարիամի դերը, հղի էր նկարահանումների ժամանակ: Նա թաքցրել էր այդ փաստը ողջ նկարահանող խմբից: Այն պահին, երբ ամեն ինչ պարզ դարձավ, դերասանուհուն այլևս անհնար էր փոխարինել:
- Սկզբնապես, Պիղատոսի և Կաիափայի երկխոսության ժամանակ, վերջինս ասում է «Նրա արյունը մեր և մեր երեխաների վրա»: Չնայած այս հատվածը Ավետարանից է, Մել Գիբսոնը հանեց այդ ենթագրերը ֆիլմից, որպեսզի խուսափի հետագա անտիսեմիտիզմի մեղադրանքներից, սակայն թողեց այդ հատվածը արամեերեն լեզվով:
- Համաձայն Մել Գիբսոնի, տեսարանը որտեղ Մարիամը երկար իր գրկում է պահում խաչից իջեցված Հիսուսին, ներշնչված է Միքելանջելոյի «La Pietà» քանդակից` արվեստի գործ որը ներշնչել է այս տեսարանի բազմաթիվ այլ նկարագրումներ:
- Ֆիլմը սկզբնապես նախատեսվում էր անվանել «Չարչարանքներ» (անգլերեն՝ The Passion), սակայն 2003-ի Օգոստոսին հայտնի դարձավ, որ «Miramax» ստուդիան արդեն արտադրել էր ֆիլմ այդպիսի անվանումով և այդ պատճառով Մել Գիբսոնը ֆիլմը վերանվանեց «Քրիստոսի չարչարանքները» (անգլերեն՝ The Passion of the Christ):
- 2010 թվականի դրությամբ ֆիլմը դեռ չի ցուցադրվել Իսրայելում «հետաքրքրության բացակայության» պատճառով:
Ցուցադրություն
Պրեմիերան Ամերիկայում
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2004 թ. Փետրվարի 25-ին` Մեծ Պահքի առաջին օրը: Առաջին ուիք-էնդի ընթացքում ֆիլմը հավաքեց $83 միլիոն: «Քրիստոսի չարչարանքները» ԱՄՆ-ում հավաքելով մոտ $370 միլիոն, դարձավ ամենաշահութաբեր «R» ռեյտինգի և ոչ անգլալեզու ֆիմը:
Ամերիկյան Box-Office-ի առաջին տեղում
Ամսաթիվ Եկամուտ
Փետրվարի 29 $83,848,082
Մարտի 7 $53,246,801
Մարտի 14 $32,130,978
Ապրիլի 11 $15,216,723
Միջազգային ցուցադրություն
Չնայած բազմաթիվ հակասությունների` ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց բազմաթիվ երկրներում, այդ թվում մի շարք մուսուլմանական երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Թուրքիան` ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հավաքելով $611,899,420:
Կառավարական արգելքներ
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի ցուցադրությունը արգելվեց Մալազիայի կառավարության կողմից, սակայն քրիստոնյաների բողոքներից հետո, ցուցադրությունը թույլատրվեց հատուկ թատրոններում, միայն քրիստոնյաների համար:Իսրայելում ֆիլմը չարգելվեց, սակայն չցուցադրվեց կինոթատրոններում:
Քննադատություն
Ֆիլմը արժանացավ խառը կարծիքների քննադատների կողմից: Քննադատները բարձր գնահատեցին Ջեյմս Կեվիզելի դերակատարությունը ֆիլմում: Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը տվել է ֆիլմին չորս աստղ, չորս հնարավորից: «New York Press»-ի քննադատ Արմոնդ Ուայտը բարձր է գնահատել Գիբսոնի աշխատանքը, նրան համեմատելով Թեոդոր Դրայզերի հետ, որը կարողանում է ոգի տալ արվեստին: Սակայն, Ջամի Բերնարդը «New York Daily News»-ից, անվանեց այն ամենավտանգավոր անտիսեմիտական ֆիլմը, որը նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական քարոզչական ֆիլմերից հետո: 2006-ի հունիսին, «Entertainment Weekly»-ին անվանեց «Քրիստոսի չարչարանքները» բոլոր ժամանակների ամենահակասական ֆիլմը:
Հակասություններ ֆիլմի շուրջ
Հակասություններ պապական հաստատման շուրջ
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն ՄակԷվետին, դեկտեմբերին ներկայացրել է ֆիլմը արքեպիսկոպոս Ստանիսլավ Դզիվիշին` Հռոմի պապի քարտուղարին: Արքեպիսկոպոս Դզիվիշը վերադարձրել է ֆիլմը Մակէվետիին և ասել է, որ դիտել է ֆիլմը Հովհաննես Պողոս II-ի հետ: Դեկտեմբերի 16-ին «Daily Variety»–ն հայտարարեց, որ պապը դիտել է ֆիլմը, իսկ «Wall Street Journal»-ի վերլուծաբան Պեգգի Նունանը հայտնեց, որ Հովհաննես Պողոս II-ը ասել է «այդպես էլ եղել է»` մեջբերելով ՄակԷվետիին, ով ասել էր, որ լսել է դա Դզիվիշից: «National Catholic Reporter»-ը, «Reuters»-ը և «Associated Press»-ը նույնպես հրատարակեցին նույնատիպ հայտարարություններ: Հունվարի 18-ին Ֆրենկ Ռիչը հարցազրույց վերցրեց իտալացի թարգմանչից, ով մեջբերելով Դզիվիշին, նշեց, որ պապը անվանել է ֆիլմը «հիանալի» և ասել «այդպես էլ եղել է»: Հաջորդ օրը արքեպիսկոպոս Դզիվիշը հայտնեց, որ Հռոմի պապը ոչ մեկին չի ասել իր կարծիքը ֆիլմի մասին: Այդ հերքումը առաջացրեց բազում մեկնաբանություններ, որոնք մեղադրեցին պրոդյուսերներին պապական մեջբերում պատրաստելու մեջ` ֆիլմի մարկետինգի համար:
Այնուամենայնիվ «Icon Productions»-ի ներկայացուցիչը ասաց, որ ՄակԷվետին խնդրել և ստացել է Վատիկանից թույլատվություն, որպեսզի օգտագործի «այդպես էլ եղել է» արտահայտությունը, իսկ լրագրող Ռոդ Դրեհերը հայտնեց, որ ՄակԷվետին էլեկտրոնային նամակ է ստացել պապական ներկայացուցիչ Խոակին Նավարրո-Վալսից:
Հունվարի 22-ին Նավարրո-Վալսը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ.
«Ֆիլմը Հիսուս Քրիստոսի չարչարանքների կինեմատոգրաֆիական բեմադրումն է` հիմնված Ավետարանների վրա: Դա սովորական պրակտիկա է Սրբազան Հոր համար, չարտահայտել հասարակական կարծիք գեղարվեստական ստեղծագործությունների վերաբերյալ, կարծիքներ, որոնք միշտ բաց են տարբեր էսթետիկական բնույթի գնահատականների համար»:
Անտիսեմիտիզմի մեղադրանքներ
Նախքան ֆիլմի թողարկումն արդեն, հնչել են անտիսեմիտիզմի մասին մեղադրանքներ: Ազգությամբ հրեա քաղաքական գործիչ Դով Հայկինդը մի խումբ մարդկանց հետ բողոքում էին ֆիլմի դեմ: Նրա գլխավորությամբ մոտ 50 հրեա առաջնորդներ և համակիրներ «Ֆոքս Նյուզի» շենքի մոտ կազմակերպել էին բողոքի ակցիա ընդդեմ ֆիլմի` «Չարչարանքները հրեաների ոչնչացման զենքն է» կարգախոսով: Ինչպես նշել էր Հայկինդը «այն (ֆիլմի ցուցադրությունը) կհանգեցնի անտիսեմիտիզմի և ֆանատիզմի: Այն, իսկապես, մեզ վերադարձնում է միջնադարը, ինկվիզիցիան, խաչակրաց արշավանքները, այսպես կոչված Հիսուսի խաչման մեղքը»:
Մինչ ցուցադրությունը, ֆիլմի սցենարն ուղարկվել էր Ամերիկայի միջկրոնական գործերի հանձնաժողովին և անտի-դիֆամացիոն լիգայի միջկրոնական դեպարտամենտը:
Վերջիններս հայտարարեցին, որ.
Այն պոտենցիալ հրեատացություն պարունակող ամենախնդրահարույց տեքստերից էր, որ մենք տեսել ենք վերջին քսանհինգ տարում: Հարկ է շեշտել, որ ֆիլմի գլխավոր թեման Հիսուսի պատկերն է՝ դաժանորեն հետապնդվող չար հրեաների կողմից Կայափա քահանայապետի ղեկավարությամբ, որը վերջիվերջո ստիպում է թուլակամ Պիղատոսին մահապատժի ենթարկել նրան: Դա հենց այն պատկերացումն է, որը դարեր շարունակ սնել է անտիսեմիտիզմը քրիստոնյաների մեջ:
Այսպիսի մեկնաբանությունը մերժվել է Վատիկանի կողմից` «Nostra Aetate» փաստաթղթով և համարյա բոլոր բողոքական եկեղեցների կողմից ... Չնայած դրան, նախնական պատմությունը փոփոխման է ենթարկվել պարոն Գիբսոնի` հավատացյալ կաթոլիկի կողմից, ով կառուցում է իր սեփական եկեղեցին Լոս Անջելեսի մոտ և ով, ըստ երևույթին, չի ընդունում ո՛չ Վատիկանի ուսմունքները, և ո՛չ էլ ժամանակակից ավետարանական ուսմունքը: «Քրիստոսի չարչարանքները» պարունակում է իրական պոտենցիալ՝ ձախողելու դասական քրիստոնեության մեջ առկա անտիսեմիտիզմից ձերբազատվելու ժամանակակից եկեղեցիների վերջին քառասուն տարիների ջանքերը։
Անտի-դիֆամացիոն լիգան նույնպես հայտարարություն հրապարակեց դեռ չցուցադրված ֆիլմի մասին, նշելով, թե «...պատմագիտական և աստվածաբանական հասկացողության բացակայությունը կարող է կեղծել պատմությունը և թշնամանքով լցնել նրանց, ովքեր ատում են հրեաներին»:
«The Nation» թերթում, մեկնաբան Կատա Պոլիտը ասել է. «Գիբսոնը խախտել է կաթոլիկ կոնֆերենցիայի (1988 Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերենցիան) բոլոր հիմնադրույթները, կապված հրեաներին` չարչարանքների նկարագրման մեջ ներկայացման հետ (չներկայացնել նրանց արյունարբու, որպես ամբոխ, չօգտագործել գրություն, որը կուժեղացնի հրեաների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը և այլն)... հոգևորականները ունեն չար դեմքեր, Հերովդես արքան և նրա շրջապատը ներկայացված են որպես համասեռամոլներ: Լավ հրեաների դերերում են իտալացի կինոաստղերը (իտալացի սեքս-սիմվոլ Մոնիկա Բելուչին` Մագդաղենացու դերում)»:
Հոգևորական Ուիլլամ Ֆուլկոն, Լոյոլա Մերիմաունտ համալսարանի պրոֆեսորը, որը ֆիլմի թարգմանիչն էր, համաձայն չէր նման գնահատականի հետ և չի գտնում, որ ֆիլմը հրեաներին մեղադրում է աստվածասպանության մեջ:
Ֆիլմի այն հատվածներից մեկը, որը ընկալվում է, որպես անտիսեմիտիզմի դրսևորման օրինակ, Կաիափայի երկխոսությունն է, երբ վերջինս պնդում է. Նրա արյունը թող լինի մեր և մեր երեխաների վրա: Մեջբերում, որը ոմանց կողմից պատմականորեն ներկայացվում է որպես անեծք հրեա ժողովրդի վրա: Որոշ հրեական կազմակերպություններ խնդրել էին հեռացնել այդ հատվածը ֆիլմից: Այնուամենայնիվ, միայն հեռացվել էին ենթագրերը, իսկ օրիգինալ երկխոսությունը արամեերեն լեզվով մնացել էր:
Երբ Գիբսոնին հարցրել են այդ հատվածի մասին, նա ասել է, «Դա փոքր հատված է, և ես հավատում եմ դրան, բայց ես երբեք չեմ համարել, որ դա վերաբերվում է հրեաներին, և ենթադրում է որևէ անեծք նրանց վրա: Դա ուղղված է մեր բոլորի վրա, բոլոր նրանց վրա ովքեր եղել են այնտեղ և ովքեր եկել են դրանից հետո: Նրա արյունը մեր բոլորի վրա է: Եվ պատճառներից մեկը, որ ես ընդգրկել եմ այդ հատվածը, բացի այն որ դա ճշմարտություն է, այն է, որ ես չեմ ուզում, որ ինչ որ մեկը թելադրի, թե ինչ պետք է ասել և ինչը` ոչ»:
«New Republic»-ում, Լեոն Վիեսելտիերը ասել է, «Հրեական կերպարների ներկայացման տեսանկյունից «Քրիստոսի չարչարանքները» անկասկած անտիսեմիտական ֆիլմ է, և եթե որևէ մեկը այլ կերպ է մտածում, ապա նա չգիտի կամ չի ցանկանում իմանալ արվեստում և ֆիլմերում անտիսեմիտիզմի պատմության մասին»:
Պահպանողական տեսաբան Կել Թոմասը փորձեց ցրել մեղադրանքները անտիսեմիտիզմի մեջ, ասելով «նրանց, ովքեր հրեական համայնքներից վախենում են, թե ֆիլմը, որը պլանավորվում է ցուցադրության Պահքի օրերին, կարող է պարունակել անտիսեմիտական տարրեր կամ մարդկանց տրամադրել հրեաների դեմ, պետք չէ վախենալ: Ֆիլմը չի մեղադրում հրեաներին Հիսուսի սպանության մեջ»:
Երկու օրթոդոքսալ հրեաներ, ռաբբի Դենիել Լապինը և թոք-շոուի վարող և հեղինակ Մայքլ Մեդվեդը նույնպես չցանկացան պնդել, որ ֆիլմը անտիսեմիտական է: Նրանք նշեցին մի քանի դրական հրեա կերպարներին, ինչպիսիք են Սիմոնը Կիրենայից, Մարիամ Մագդաղենացին. կույս Մարիամը, Պետրոս և Հովհաննես առաքյալները, Վերոնիկան և մի քանի հրեա հոգևորականները, ովքեր դեմ էին Հիսուսի ձեռբակալումից հետո Կաիափայի կազմակերպած դատին:
Բացի այդ Վատիկանի կարդինալ Դարիո Կաստրիլիոն Հոյոսը, ով դիտել էր ֆիլմը, դիտարկեց հարցը հետևյալ կերպ.
«Անտիսեմիտիզմը, ինչպես ռասիզմի մյուս դրսևորումները, կեղծում են իրականությունը, որպեսզի ներկայացնեն ամբողջ ազգին բացասական տեսանկյունից: Այս ֆիլմը նմանատիպ ոչինչ չի անում: Այն դուրս է բերում ավետարանական ճշմարտությունը, ներման և բարեհոգության զգացմունքները: Այն ընգրկում է մեղքի նրբությունները և սարսափը, ինչպես նաև սիրո և ներման ուժը, չդնելով որևէ մեղադրանք առանձին խմբի վրա: Այս ֆիլմը ցույց է տալիս, որ չպետք է լինի որևէ դաժանություն այլ մարդու նկատմամբ»:
Ծայրահեղ դաժանության քննադատություն
Մի շարք քննադատներ անհանգստություն էին հայտնել ֆիլմում դաժան տեսարանների առկայության վերաբերյալ և խորհուրդ տվել ծնողներին երեխաներին չտանել կինոթատրոն: Չնայած երեք Ավետարաններում Հիսուսի գանահարման մասին նշվում է միայն մեկ նախադասությամբ, իսկ չորրորդում այն նույնիսկ չի հիշատակվում, «Քրիստոսի չարչարանքները» ամբողջ տասը րոպե է տրամադրել այդ տեսարանի ցուցադրման համար:
Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որը գնահատել է ֆիլմը «չորս աստղ չորս հնարավորից», ասել է . «Այս ֆիլմը 126 րոպե է, և ես ենթադրում եմ, որ ամենաքիչը 100-ը այդ րոպեներից կամ ավելին կենտրոնացած է Հիսուսի տանջանքների ցուցադրման վրա: Դա ամենադաժան ֆիլմն է, որը ես երբևէ դիտել եմ»: Էբերտը նաև նշել էր, որ ոչ մի ծնող չպետք է թույատրի իր երեխային դիտել այդ ֆիլմը:
Ա. Օ. Սքոթը «Նյու Յորք Թայմսից» ասել է, որ «Քրիստոսի չարչարանքները» կենտրոնացված են Հիսուսի կյանքի վերջին ժամերի դաժանության վրա, կարծես այդ ֆիլմը ծագել է ոչ թե սիրուց, այլ վրեժից և ավելի շատ ճնշում է ոգին, քան այն բարձրացնում»:
Կինոքննադատ Դեվիդ Էդելշտեյնը անվանել է այն «երկու ժամ և վեց րոպեանոց ճնշող ֆիլմ» և հետագայում էլ քննադատել է Գիբսոնին, ֆիլմը` Հիսուսի տանջանքների վրա կենտրոնացնելու համար, այլ ոչ թե նրա հոգևոր ուսմունքի:
Դայան Սոյերին հետ հարցազրույցի ժամանակ Գիբսոնը նշել է.
Ես ուզում էի, որ այն լիներ ցնցող և լիներ ծայրահեղ… Այնպես, որ նրանք տեսնեն, որ ինչ որ մեկը կարող է դիմանալ այդ տանջանքներին և վերադառնալ սիրով ու ներումով` չնայած ուժեղ ցավին, տանջանքին և ծաղրանքին: Իրականում խաչելությունը եղել է ավելի դաժան, քան ցուցադրված է ֆիլմում:
Ֆիլմի դիտումից մահացած կին
2004 թվականի Փետրվարի 25-ին Պեգգի Լոու անունով 56-ամյա մի կին մահացավ ֆիլմի դիտման ժամանակ Վիչիտա քաղաքի «Ուորրեն» կինոթատրոնում: Նա ընկավ սրտի կաթվածից խաչելության տեսարանի ցուցադրության ժամանակ: Ֆիլմը կանգնեցվեց և կինոթատրոնի հերթապահ բուժքույրները հայտնաբերեցին, որ նրա զարկերակը չի աշխատում: Կնոջը արագ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, որտեղ և նա մահացավ: Հիվանդանոցի ներկայացուցիչը միայն ասաց, որ նա մահացել է ֆիլմի դիտումից: Կնոջ գործնկերները ավելի ուշ հայտնեցին, որ նա որևէ առողջական խնդիրներ չի ունեցել: Քննադատները օգտագործեցին նրա մահը որպես փաստարկ ընդդեմ ֆիլմի:
Մրցանակներ
«Օսկարի» ներկայացված անվանակարգեր (2004)
- Լավագույն օպերատորական աշխատանք — Քալեբ Դեշանել
- Լավագույն դիմահարդարում — Քեյթ Վանդերլաան, Քրիստիեն
<div dir="ltr" style="text-align: left;" trbidi="on">
<br /></div><iframe width="640" height="360" src="http://www.youtube.com/embed/7Mo4DHmQlUg?feature=player_detailpage" frameborder="0" allowfullscreen></iframe>
0 Response for the "Քրիստոսի չարչարանքները - The Passion of the Christ"
Отправить комментарий